«Սուրեն Հարությունյանն իր գրքում գրում է, որ 1988 թվականին, իր գլխավորությամբ ԳԽ-ն ընդունեց որոշում`Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, բայց մանրամասները`ինչը ոնց ստացվեց, չի գրում: Չի գրում, որ այդ որոշումը պարտադրվեց ներքևից»,- այս մասին այսօր հիշատակեց, լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը` «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձևերը» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսն ասում է`սա մի օրինակ է ցույց տալու համար, թե ինչպես կարելի է պատմությունը գրել, բայց ներկայացնել իրականությանը չհամապատասխանող ձևով:
Իր ելույթում Թաթուլ Հակոբյանն անդրադարձավ ղարաբաղյան հարցի բանակցային փուլերին: «Երբ ԼՂԻՄ-ը ցանկություն հայտնեց միանալ Հայաստանին, Մոսկվայի կողմից առաջին առաջարկը եղավ`իսկ չեք ուզի՞ որ Ղարաբաղը լինի ինքնավար հանրապետություն`Ադրբեջանի կազմում: Եվ հիմա, շատ-շատ սիրելի դարձած Հենրիխ Պողոսյանը Կրեմլի այս գիծը բավական ագրեսիվ կերպով տարածում էր այն օրերի ԼՂ-ում, երբ ինքը եկավ իշխանության: Նա մի քանի անգամ մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Վեզիրովի հետ: Սուրեն Հարությունյանն ու Վեզիրովը երկու-երեք հանդիպում ունեցան Արցախում, 1988-ին: Հենրիխ Պողոսյանը հետո մեկնեց Մոսկվա և Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության առաջարկը հնչել էր լուսահոգի Էդուարդ Շևարդնաձեից»,- պատմեց Թաթուլ Հակոբյանը՝ մեջբերելով այն ժամանակվա մամուլից հրապարակումներ, որտեղ Հենրիխ Պողոսյանը փորձում է համոզել, թե ինչ լավ տարբերակ է դա:










































