Հայկական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Պուտինն իր հետ Հայաստան է բերելու նաև «Սմերչ»-ներ: Այդ մասին իբր հայաստանցի պատգամավորներին ասել է ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնին:
Սա մոտավորապես Եվրասիական միությանը, Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարի կարգի հայտարարություն է, այսինքն՝ բլեֆ: Ըստ որում, բլեֆ՝ երկակի իմաստով: Բանն այն է, որ եթե Ռուսաստանը Հայաստան ժամանակակից զենք է բերում, ապա բերում է Գյումրիի 102-րդ ռազմակայան, այսինքն՝ ռուսական զինուժի տրամադրության տակ: Ըստ էության՝ ստացվում է, որ զենքը Հայաստանում է՝ ֆիզիկապես, սակայն այն օգտագործելու իրավասությունը պատկանում է ռուսական ռազմակայանին, այսինքն՝ Ռուսաստանին, քանի որ այդ ռազմակայանը գործել և գործելու է Ռուսաստանի ղեկավարության հրահանգներով և ցուցումներով:
Փոխարենը ռուսներին հաջողվում է նման պարզունակ բլեֆների միջոցով Հայաստանում օվացիաներ կորզել, որ Ռուսաստանը Հայաստանին ժամանակակից զենք է մատակարարում, ինչպես Ադրբեջանին: Ադրբեջանին մատակարարվող զենքի օգտագործման իրավասությունն Ադրբեջանինն է: Հայաստանում առկա զենքինը, եթե այն այնուամենայնիվ առկա է, Ռուսաստանի իրավասության ներքո է: Այսինքն, Ադրբեջանում գտնվող ռուսական ժամանակակից զենքը կրակելու է Հայաստանի կամ Ղարաբաղի ուղղությամբ այն ժամանակ, երբ Ադրբեջանը նպատակահարմար գտնի, և երբ այդ կրակոցը հարմար լինի Ադրբեջանի շահերի տեսանկյունից:
Հայաստանում եղած զենքերը (կրկնում ենք ՝եթե դրանք կան իսկապես և աշխատող են) Ադրբեջանի ուղղությամբ կկրակեն այն ժամանակ, երբ հարմար գտնի Ռուսաստանը, երբ պահանջի ռուսական շահը: Իսկ ռուսական շահը կարող է և չպահանջել կամ շատ ուշ պահանջել: Սա ուղղակի քաղաքականության աքսիոման է, որի պարագայում օվացիաների փոխարեն պետք է լիներ խորագույն մտահոգություն:
Զինել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանը, բացարձակապես չի նշանակում զինել Հայաստանը: Հետևաբարև պարբերական օվացիաներն ընդամենը հասարակական մանկամտության արդյունք կարող են լինել՝ Ռուսաստանն «Իսկանդեր» է բերել կամ բերում, Ռուսաստանը «Սմերչ» է բերել կամ բերում: Եթե բերում է, իր համար է բերում: Հետևաբար ավելի լավ կլինի նստել ու լրջորեն քննարկել՝ իսկ կարո՞ղ է այնպես պատահել, որ «Ռուսաստանի և Հայաստանի համարը» տարբեր ժամկետներ ու խնդիրներ ենթադրի: Նստել ու հասկանալ, այդ տարբերությունների հավանականությունը մե՞ծ է, թե՞ փոքր, փորձել վերլուծել՝ Ռուսաստանի և Հայաստանի շահերը ավելի շատ համընկնո՞ւմ են, թե՞ բաժանվում, այդ թվում՝ պատերազմական գործողությունների զարգացման և՛ ժամանակագրության, և՛ տրամաբանության տեսանկյունից:
Եվ երբ այս ամենի արդյունքում ստանանք քիչ թե շատ հստակ պատասխաններ, այն ժամանակ միգուցե օվացիաների առիթի դեպքում դրանք տեղին կլինեն: Չնայած հիմա էլ օվացիաներն անտեղի համարելն այնքան էլ ճիշտ չէ: Պարզապես ներկայումս օվացիաների արժանի է միայն թատրոնը, որ բեմադրվում է Հայաստանի «գերանվտանգության» թեմայով:










































