Հայաստանի առաջատար դիզայներներն ու ոլորտի մասնագետները՝ Լիլիթ Մարգարյան, Արամ Նիկոլյան, Կարինա Դնոյան («Ատեքս» նորաձևության տան տնօրեն), Միքայել Դանիելյան (Harmony Երևան), Գևորգ Շադոյան (Shadoyan fashion), վրդովված են, տարակուսած ու զարմացած: Բանն այն է, որ նրանք, բացի Գևորգ Շադոյանից, չեն հրավիրվել մասնակցելու վերջերս Հայաստանում անցկացված Հայաստանի նորաձևության շաբաթին (Armenian Fashion Week 2014):
Պարզվում է, որ «Հայաստան» անվանումը կրող նորաձևության շաբաթին մեր երկիրը ոչ մի հայաստանցի դիզայներ չի ներկայացրել: Փոխարենը հանդես են եկել դրսում բնակվող ու ստեղծագործող անձինք: Թե ինչն է պատճառը, որ տեղի հայ դիզայներները չեն հրավիրվել մասնակցելու մշակութային այդ իրադարձությանը, վերջիններս դժվարացան պատասխանել: Տեղացի դիզայներները նույնիսկ հրավիրված չեն եղել գնահատելու մյուս դիզայներների աշխատանքները: Նրանց հատկապես զայրացրել է այն փաստը, որ եռօրյա միջոցառման կազմակերպիչներն օգտագործել են «Հայաստան» անվանումը՝ իրենց միջոցառումը գովազդելու համար:
«Շատ պարտվորեցնող է Armenian Fashion Week անվանումը: Դա պարզապես միջոցառում էր, ու այն դիզայներները, որ ներկայացրել են իրենց աշխատանքը, այն մարդիկ չեն, որ ներկայացնեն մեր նորաձևությունն ու ավանդույթները: Հայկական նորաձևության դեմքը ոչ մի ձևով ներկայացված չէր»,- իր վրդովմունքը հայտնեց Կարինա Դնոյանը:
Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ նշեց, որ այն երկրում, որտեղ թեթև արդյունաբերություն չկա, չի կարող անցկացվել նորաձևության շաբաթ: «Չի կարող 3 օր անցկացվել նորաձևության շաբաթ. դա ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա:







































