Վրաստանի ֆինանսների նախարարությունը հանդես է եկել նոր հարկային նախաձեռնությամբ, որը արտոնություններ է նախատեսում մանր ձեռնարկատերերի համար: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Ըստ այդ հարկային բարեփոխման՝ որպես մանր ձեռնարկատեր կարող են գրանցվել անձինք, որոնց տնտեսական գործունեությունից եկամուտները չեն գերազանցում տարեկան 500 հազար լարին (ավելի քան 200 հազար դոլար):
Գործող նորմերով՝ մանր ձեռնարկատիրոջ կարգավիճակ կարող են ստանալ միայն այն ձեռնարկատերերը, որոնց եկամուտները կազմում են մինչև 100 հազար լարի (ավելի քան 40 հազար դոլար):
Միաժամանակ մանր ձեռնարկատերերի համար հարկային դրույքաչափը կարող է իջնել 5 անգամ՝ 5-ից մինչև 1 տոկոս:
Ինչպես հստակեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարը, մանր ձեռնարկատերերը կարող են վճարել շրջանառության 1 տոկոս հարկը յուրաքանչյուր ամսվա վերջին: Նրանք նաև կազատվեն «հավելյալ հաշվապահությունից» և կպարտավորվեն օգտագործել միայն հսկիչ-դրամարկղային ապարատ:







































