ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, քիչ առաջ զանգահարել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, հայհոյել ու սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է համացանցի իր էջով, որպես պատճառն նշելով այն, որ երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը «Երկիր ծիրանիի» կանանց ու ՀՀԿ-ական տղամարդկանց միջև եղած ծեծկռտուքից հետո իր ելույթում խոսել է նաև Առաքել Մովսիսյանի մասին․ «Նույն Առաքել Մովսիսյանի մակարդակի հավաքածուն այնտեղ գերակշռում է, բնական է, որ միգուցե իրենց համար կնոջը հարվածելն ավելի հեշտ է, իրենց համար տարբերություն չկա»։
Թերևս դրանից վրդովված էլ Շմայսը զանգել է Ալեն Սիմոնյանին ու փորձել «հաշիվ մաքրել» նրա հետ։
«Զանգել էր ինձ՝ բա իմ հետ ի՞նչ գործ ունես, այ համբալ։ Ասի՝ համբալը դու ես։ Բա՝ իմ անունը տալիս ես, իմ հետ ի՞նչ գործ ունես, ասի՝ հանրային մարդ ես, ես էլ եմ հանրային մարդ, տալիս եմ անունդ»,- ասաց Սիմոնյանը։
Վերջում Շմայսը, ըստ Սիմոնյանի, հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին ու սպառնացել․ ««Իմ անունը էլ չտաս, դե հլը դու կտենաս», ասաց հետո հայհոյեց․․․ ասացի՝ դու ես ու անջատեցի»։
Ալեն Սիմոնյանը Շմայսի այս արարքը գնահատում է իր գործունեության նկատմամբ ճնշում և անօրինականություն։









































