Նյու Յորքում ոստիկանները փրկել են տղամարդուն, ով պատրաստվում էր հաշիվները մաքրել կյանքի հետ՝ թռչելով քաղաքի ամենաերկար ձգվող կամրջից՝ Վերազանո բրիջից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքն:
«Նա մեզ ասաց, որ իրեն անհաջողակ է համարում, քանի որ աշխատանքից զրկվել է և այլևս ի վիճակի չէ կերակրել կնոջը և 2 տարեկան որդուն: Մենք էլ փորձեցինք նրան բացատրել, որ կամրջից նետվելը չի լուծի նրա ընտանիքի խնդիրները, և խնդրեցինք դա չանել, սակայն, միևնույն է, ստիպված եղանք ուժ գործադրել»,- ասել է տղամարդուն փրկողներից մեկը՝ դետեկտիվ Փոլ Ֆացիոն: Ֆացիոյի խոսքերով՝ տղամարդը հայտարարել է, որ «չի վախենում մահից և պայմանավորվել է Աստծո հետ»:
«Նրա աչքերից երևում էր, որ պատրաստ է թռչել: Այդ ժամանակ ես և գործընկերս բռնեցինք նրա ձեռքերը, ձեռնաշղթաներ հագցրինք և նրան մղեցինք դեպի մեզ»,- հավելել է ոստիկանը:
Տղամարդը ոչ երկար է դիմադրել: Միջադեպից հետո նրան անմիջապես ուղարկել են հիվանդանոց:









































