Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Փեշմերգի իրաքցի քրդերին մեղադրել է ԴԱԻՇ-ի գերի անդամների զանգվածային մահապատիժների համար: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Մերձավոր Արևելքում կազմակերպության մասնաճյուղի ղեկավարի տեղակալ Լամա Ֆաքիհին:
Իրավապաշտպանների տվյալներով՝ քրդական ջոկատները ԴԱԻՇ-ականներին ձերբակալել են Սահել ալ-Մալիհի բնակավայրի դպրոցում՝ Մոսուլ քաղաքից 70 կմ հյուսիս-արևմուտք:
«Տվյալները վկայում են, որ քրդական անվտանգության ուժերը բռնված կասկածյալների զանգվածային մահապատիժներ են իրականացրել գիշեր առ գիշեր մեկ շաբաթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իրավապաշտպաններն ընդգծել են, որ առանց դատի և հետաքննության կարող են մահապատժի ենթարկված լինել հարյուրավոր մարդիկ: Ֆաքիհի խոսքով՝ սպանությունները կարող էին տեղի ունենալ 2017 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ին, սպանվածներին թաղել են ընդհանուր գերեզմանոցում:
Քրդական ինքնավարության ներկայացուցիչ Դինդար Զեբարին հերքել է մեղադրանքները և հայտարարել է, որ Փեշմերգի անդամներն այդ ժամանակ առաջնագծում կռվել են ԴԱԻՇ-ի գրոհայինների հետ, որոնք փորձել են Սիրիա հեռանալ:
Նա հավելել է, որ այդ մարտերում շատ գրոհայիններ են սպանվել և հնարավոր է՝ ահաբեկիչների մարմինները մի տեղում են թաղել՝ հարմարության համար:
Human Rights Watch-ի անդամներն ի պատասխան ասել են, որ մարտերը տեղի են ունեցել մոտ 40 կմ հեռու վայրից, որտեղ հայտնաբերվել է գերեզմանոցը, իսկ դրանում հայտնաբերված բոլոր մարդիկ սպանվել են գլխին կրակոցով:







































