Գավառի պետական համալսարան կատարած այցով Orange Հիմնադրամը մեկնարկում է Հայաստանի համալսարանների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր փուլը: Գավառի պետական համալսարանի և Orange Հիմնադրամի կողմից համատեղ ընտրված 10 ուսանողներին այսօր հանձնվեցին ֆինանսական աջակցության տրամադրումը հավաստող ծրարներ:
«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, որի բաղկացուցիչ մաս է կազմում աջակցությունն ամենախոստումնալից ուսանողներին, ովքեր դժվարանում են վճարել իրենց ուսման վարձը: Սա այն ժամանակաշրջանն է, երբ ուսանողները վճարում են ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը, և մենք ուրախ ենք այս ֆինանսական բեռը թեթևացնելու հարցում օգնել նրանցից մի քանիսին և վերջիններիս ընտանիքներին, քանի որ գիտենք, թե դա որքան կարևոր կարող է լինել նրանց համար», ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Ուսանողներն ընտրվել են երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Orange Հիմնադրամը Գավառի պետական համալսարանին փոխանցեց 1,000,000 դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում նախատեսված է տրամադրել կրթաթոշակներ Երևանում և Հայաստանի մարզերում գործող 9 համալսարանների ուսանողների:
Համալսարանների հետ Օրանժ Հիմնադրամի համագործակցությունը չի սահմանափակվում միայն կրթաթոշակների տրամադրմամբ: Բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: 1 տարի առաջ Գավառի պետական համալսարանում բացվել է Orange-ի WiFi-ով զինված ինտերնետ անկյուն, որն ուսանողներին և համալսարանի աշխատակիցներին թույլ է տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով:
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-2012թթ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-2013թթ.՝ 9 համալսարանների 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում:








































