Իրանի իշխանությունները պետք է միջոցառումներ ընդունեն տնտեսական աճի վերականգնման և երկրում բարձր սղաճի հաղթահարման համար՝ ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի հիմնադրամի առաքելության՝ Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքներով: Նշվում է, որ առաքելությունը Թեհրանում է գտնվել հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
ԱՄՀ-ի մասնագետները հանդիպումներ են անցկացրել կառավարության, Կենտրոնական բանկի, ֆինանսական ինստիտուտների և երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
«Այդ քննարկումները կենտրոնացած են եղել բարձր սղաճի դեմ պայքարի և տնտեսական աճի վերականգնման, ինչպես նաև տնտեսությունում կառուցվածքային խնդիրների լուծման անհրաժեշտության վրա»,- նշել են ԱՄՀ-ում:
Այդ խնդիրները վերաբերում են Իրանի դրամավարկային և բյուջետային քաղաքականությանը, բանկային և արդյունաբերական ոլորտներում բարեփոխումների անցկացմանը, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների պետական սուբսիդավորման ծրագրի բարեփոխումներին:
Հաջորդ տարվա սկզբին ԱՄՀ առաքելությունը ծրագրում է կրկին այցելել Իրան՝ տնտեսական վիճակը գնահատելու համար: Հիմնադրամում ակնկալում են խորացնել երկխոսությունը Թեհրանի հետ՝ բարեփոխումների ոլորտում անցկացվող քաղաքականության և առաջնահերթությունների մասին:











































