Արևմտյան մամուլի վերջին հաղորդագրությունների համաձայն՝ Ջասթին Բիբերին խնդրել են լքել արգենտինական հյուրանոցը, ուր երգիչը ժամանել էր իր Believe Tour համաշխարհային շրջագայության շրջանակներում:
Պարզվել է, որ դեպքի պատճառը ոչ թե Բիբերի, այլ նրա երկրպագուների վարքն է եղել: Հարավային Ամերիկայում երգիչը հսկայական թվով երկրպագուներ ունի, ովքեր ուղղակի չէին կարող բաց թողնել նրանից ինքնագիր վերցնելու հնարավորությունը:
Սակայն հյուրանոցի դռների մոտ հավաքված ամբոխը ինչ-որ պահի այլևս չի վերահսկել իրեն. մարդիկ աղմկել, փչացրել են հյուրանոցի ունեցվածքը և նույնիսկ կոտրել են այն արգելափակոցները, որոնք դրվել էին երկրպագուներից պաշտպանվելու նպատակով:
Հյուրանոցի ղեկավարությունն այլ ելք չի գտել, քան խնդրել երգչին տեղափոխվել այնտեղից, գրում է spletnik.ru-ն:










































