ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դըԲյումանը հանդիպման ժամանակ քննարկել են հայ-շվեյցարական միջպետական հարաբերություններին առնչվող հարցեր:
Արա Բաբլոյանն այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Ունեցել ենք շատ բովանդակային հանդիպում, որի ընթացքում: Կարևորել ենք խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը: Անդրադարձել ենք նաև միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցությանը»,- նշեց ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանն անդրադարձավ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը: Նրա դիտարկմամբ՝ սա համագործակցության ևս մեկ կարևոր հարթակ է:
Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ իրենք խոսել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերող հարցերի, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ:
«Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև քրեական պատասխանատվություն է սահմանել ռասայական խտրականության և ցեղասպանության ժխտման համար՝ ընդհանրապես: Մեր հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև ԼՂ հիմնահարցի կարգավորմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններին: Հայաստանյան կողմի մոտեցումն այն է, որ ԼՂ հիմնախնդիրը Արցախի ժողովրդի իրավունքների խնդիրն է, և այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ազատ ինքնորոշման միջոցով: Հարցի լուծումն ունի միայն մեկ ճանապարհ՝ խաղաղ ճանապարհը»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:









































