Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է ԵՄ-ի հետ իր երկրի համագործակցության բոլոր այլ տարբերակները, անդամակցությունից բացի։ «Մենք ցանկանում ենք ԵՄ-ում լիարժեք անդամակցություն։ Այլ տարբերակները մեզ չեն գոհացնում»,-հայտարարել է Էրդողանն իտալական La Stampa թերթի հետ հարցազրույցում։
Հունվարի սկզբին Էրդողանն այցելել էր Ֆրանսիա և հանդիպել Էմանուել Մակրոնի հետ, ով առաջարկել է Թուրքիային գործընկերության մասին պայմանագիր կնքել, քանի որ ԵՄ անդամակցության բանակցություններն արգելափակված են արդեն մի քանի տարի։
«ԵՄ-ն պետք է կատարի իր խոստումները։ ԵՄ-ն արգելափակում է հետագա բանակցություններն ու հասկացնել տալիս, որ այդ բանակցությունների առաջընթացը կախված է միայն մեզնից։ Դա անարդար է»,-հայտարարել է նա։
Թուրքիայի նախագահը նաև հիշեցրել է, որ իր երկիրն առանցքային դեր է խաղում սիրիացի փախստականներին առնչվող հարցում։ «Մենք կարևոր ենք, քանի որ պահում ենք Արևելքի միգրանտներին, ովքեր ցանկանում են հայտնվել Եվրոպայում, ինչպես նաև կայունություն ու անվտանգություն երաշխավորում Եվրոպայում»։
Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահը կայցելի Իտալիա և Վատիկան։
24 ժամյա այցի ընթացքում էրդողանը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Իտալիայի նախագահի ու վարչապետի, ինչպես նաև մի շարք իտալացի ձեռնարկատերերի հետ։











































