Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ներգաղթյալների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել ավելի քան 70 մարդ: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, մայրաքաղաքի աղքատ թաղամասերի ստուգումների ժամանակ օտարերկրացի աշխատավորները դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմիններին, քարեր են նետել ոստիկանների վրա և պատնեշներ կառուցել: Ավելի ուշ ցուցարարները հանձնվել են ոստիկանությանը:
Գործողության հետևանքով ձերբակալվել է ավելի քան 500 մարդ, ևս մի քանի հազարին ուղարկել են արտաքսման կենտրոններ՝ երկրից արտաքսելու համար: Ներգաղթյալների բողոքի պատճառն այն է, որ իշխանությունները հրաժարվել են տրամադրել աշխատանքի նոր թույլտվություններ:
«Սաուդացիներին օտարերկրացիներ պետք չեն: Նրանք ցանկանում են, որ մենք գնանք այդտեղից: Նրանք չեն ցանկանում, որպեսզի արտասահմանցիներն ապրեն և աշխատեն իրենց երկրում»,- ասել է ներգաղթյալներից մեկը:
Այժմ Սաուդյան Արաբիայում բնակվում է շուրջ 9 միլիոն ներգաղթյալ: Երկրում գործազրկության մակարդակը կազմում է 12%, և թագավորության իշխանությունները փորձում են նվազեցնել այդ մակարդակը: Վերջին երեք ամիսներին Սաուդյան Արաբիայից արտաքսվել է մոտ մեկ միլիոն ներգաղթյալ:








































