Չորրորդ հանրապետության մասին առաջին անգամ խոսել է ոճրագործ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, երբ 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարել էր իր «սև գործը» և Երրորդ հանրապետության փլատակների վրա իրեն պատկերացնում էր Չորրորդ հանրապետության վարչապետ: Ոճրագործ խմբի բոլոր անդամները նախկին դաշնակցականներ էին` չնայած զենքի վրա երդում տվողի նախկինը չի լինում, և դա հաստատված է բազմաթիվ փաստերով:
Հունանյանն իհարկե կառավարության շենքի փոխարեն հայտնվեց ԱԱԾ նկուղում, սակայն նա գործի հիմնական մասն արել էր՝ քաղաքականապես ոչնչացրել էր Երրորդ հանրապետությունը, ինչի հետևանքը դարձավ ներքին և արտաքին քաղաքականության արմատական վերանայումը: Միայն պետական ավանդույթներ չունեցող քաղաքական համակարգը կարող է անպատասխանատու և հանցավոր անտարբերությամբ թաղել հանրապետություն, որի ծնունդն ու առաջին տարիները կապված են համազգային շարժման, Արցախյան հերոսամարտի հետ:
Այս առումով Նաիրի Հունանյանն ինչ-որ իմաստով 1998-ով հաստատված քաղաքական իրականության, «հակահեղափոխական», «թերմիդորական» համակարգի հավաքական կերպարն է: Քոչարյանի իշխանությունն, ըստ էության, պարտկոմա-դաշնակցական հիբրիդ էր, որը «կենսական» տարածք էր նվաճում՝ «խաչակրաց պատերազմ» հայտարարելով 88-ի շարժման արժեհամակարգին և դրա հենքով ձևավորված Երրորդ հանրապետության քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքերին: Հոկտեմբերի 27-ը հենց ռևանշ էր Երրորդ հանրապետության դեմ:
Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների գնաց միանգամայն պրակտիկ քաղաքական հաշվարկներով, որպեսզի համակարգային տրանսֆորմացիայի միջոցով ֆորմալացնի իր ուղղակի կամ անուղղակի իշխանությունը: Սակայն կոալիցիոն ՀՅԴ-ի համար խորհրդարանական կառավարման մոդելը պայքարի «գաղափարական ճակատ» է՝ Հոկտեմբերի 27-ի երկրորդ արարը, որի ժամանակ պետք է հռչակվի Չորրորդ հանրապետությունը:
Օրերս ararat.news-ին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն ասել է, որ մենք ընտրելու ենք ոչ թե Երրորդ հանրապետության չորրորդ, այլ Չորրորդ հանրապետության առաջին նախագահ: Ռուստամյանի ֆորմալ մոտիվն այն է, որ փոխվել է պետության կառուցվածքը, ըստ այդմ՝ խոսքը նոր հանրապետության մասին է: Պետության կառուցվածքը, սակայն, հանրապետության հատկանիշներից մեկն է, բայց պատմաքաղաքական դիսցիպլինը հուշում է, որ նոր հանրապետության ծնունդը նշանավորվում է նաև արժեքային, գաղափարաքաղաքական նոր հիմքերով:
Հենց սա է ՀՅԴ-ի հիմնական «առաքելությունը», որի մեկնարկը տրվեց Հոկտեմբերի 27-ի կրակոցներով և շարունակվում է այսօր, երբ ՀՅԴ-ն բացահայտ ձեռնոց է նետում Երրորդ հանրապետության հիմքում ընկած արժեհամակարգին, 88-ի գաղափարներին: Երեսուն տարի առաջ սկիզբ առած համազգային շարժումը հայ իրականության մեջ սկիզբ դրեց քաղաքական նոր հոսանքի, որը մի կողմից՝ համահունչ էր զարգացման համաշխարհային համատեքստին, մյուս կողմից` Հայաստանում և գաղթօջախներում կասկածի տակ էր դնում ՀՅԴ քաղաքական և գաղափարական մենաշնորհի հեռանկարը:
Եկել է պատեհ առիթը, և ՀՅԴ-ն որոշել է վերջնականապես վրեժխնդիր լինել Երրորդ հանրապետությունից, 88-ից, մանավանդ, որ «հավատավոր ընկեր» Նաիրի Հունանյանը 1999-ի հոկտեմբերի 27-ին կտրել է Երրորդ հանրապետության վերջին թելը:









































