ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական և դեմոկրատական օրենսդիրները կպնդեն, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ներմուծվեն՝ Թեհրանին ստիպելու համար հրաժարվել միջուկային ծրագրի իրականացումից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեմին:
«Ենթադրում եմ՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամները կպնդեն, որ պատժամիջոցների նոր փաթեթ ներմուծվի: Մենք կարծում ենք, որ իրանցիներին միայն 2 բան կարող է համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ պատժամիջոցները և ռազմական ուժի կիրառման սպառնալիքը»,- ասել է սենատորը:
Գրեմն ընդգծել է՝ այն մոտեցումը, որը ներկայում Իրանի նկատմամբ ընտրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, արմատապես սխալ է: Այդ մոտեցումը ենթադրում է պատժամիջոցների ռեժիմի մեղմացում, սակայն Թեհրանին չի պարտավորեցնում ամբողջապես հրաժարվել միջուկային ծրագրից:








































