Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվում է Իվետա Խաչատրյանի գործի դատավարությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 54-ամյա Իվետա Խաչատրյանը 2013 թվականի հուլիսի 2-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետությունից Բագրատաշենի մաքսակետով ժամանելով Հայաստանի Հանրապետություն, լրացրել է ուղևորային մաքսային հայտարարագիր ու հայտնել, թե հայտարարագրման ենթակա իրեր չունի:
Այնուհետև Իվետա Խաչատրյանը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, վերնազգեստի տակ փաթեթավորված՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է ընդհանուր՝ 4 միլիոն 436 հազար դրամ արժողության տարբեր ոսկե զարդեր՝ մատանիներ, ականջօղեր, զարդերի տարբեր հավաքածուներ:
Իրականացված հսկողության արդյունքում ՊԵԿ աշխատողները կրկնակի զննության են ենթարկել Խաչատրյանին և հայտնաբերել մաքսանենգությամբ տեղափոխված զարդերը:
Իվետա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով: Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:










































