EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հերթական անգամ ներկայացրել է ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ խոսքը 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի մասին է, որի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է։ Նա անգամ առանձին հաշիվ ունի սոցիալական ցանցում, որտեղ զետեղված են անհամար լուսանկարներ՝ թե՛ նրա առօրյան, թե՛ որսը ցուցադրող:
Պարզվում է՝ ոստիկանության ծառայող «անխիղճ որսորդ» Վոլոդյա Ղազարյանը ապօրինի որսի սիրահար է: Համացանց բեռնված բազմաթիվ լուսանկարներն ապացուցում են, որ դրանց հեղինակն իսկապես «անխիղճ» է: Նա երկար տարիներ զբաղվում է «որսով», հատկապես անօրինական: Բեռնված են լուսանկարներ դեռ 2011թ.-ից: Սպանված կենդանիները գրանցված են թե՛ ՀՀ Կարմիր գրքում, թե՛ IUCN Կարմիր ցուցակում: Դրանց թվում են՝ Կովկասյան մայրեհավ, որը նույնպես վտանգված տեսակ է ու ներառված է ՀՀ Կարմիր գրքում, IUCN Կարմիր ցուցակում, շատ հազվագյուտ թռչնատեսակ, Կարմրախածի բադ, փասիան, խոշոր կաթնասուններ, գիշատիչ թռչուններ և անգամ կատվազգի գիշատիչ։
Վոլոդյա Ղազարյանը նաև 2017թ.-ին հրապարակել է լուսանկարներ, որտեղ որսված են որսատեսակ չհանդիսացող (որսը թույլատրված չէ) միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված թռչնատեսակներ:
Ի դեպ, հետաքրքիր է նաև, որ Վոլոդյա Ղազարյանը Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի «ընկերն» է։ Վերջինս նույնպես ժամանակ առաջ հայտնվել էր նման մի սկանդալի կենտրոնում։
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նշեցին, որ հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն:
Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հայտնեցին նաև, որ լուսանկարներում պատկերված անձը ոստիկանության ծառայող չէ։ 2012թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից՝ անձնական նախաձեռնությամբ:










































