Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կառավարության հավանությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Նախարարը նշել է, որ յուրաքանչյուր երկրում կառավարության նիստերն անցնում են դռնփակ: «Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին»,- ասել է նա և ավելացրել, որ պետք է որպես փաստ արձանագրել, որ ՀՀ-ն բացառություն է, որ կառավարության նիստերն անցնում են դռնբաց և մասնակցում են այդքան մարդիկ, որ կառավարության անդամներ չեն:
Դավիթ Հարությունյանը, անշուշտ, չի սխալվել, երբ վկայակոչել է միջազգային փորձը: Նա նույնիսկ կարող էր անկաշկանդ բերել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի օրինակները, որտեղ կաբինետների նիստերն իսկապես դռնփակ են: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ միջազգային փորձը ավանդույթների և օրենքների ամբողջական համակարգ է, և չի կարելի նրան հղում անել միայն առանձին դեպքերում՝ հատկապես, երբ դրանք վերաբերում են բացառապես ժողովրդավարության սահմանափակմանը:
Գերմանիայի կամ Բրիտանիայի սահմանափակող նախադեպերը վկայակոչելուց առաջ հարկ է, որ մեր իշխանությունները ներդնեն հրապարակայնության և թափանցիկության այն կենսունակ համակարգը, որը գործում է Եվրոպայում: Նույն Գերմանիայում կամ Մեծ Բրիտանիայում որևէ մեկը չի կասկածում ընտրությունների օրինականությանը և խորհրդարանի վերահսկողական կենսունակ գործառույթին: Այս համատեքստում կաբինետի դռնփակ նիստն իսկապես խնդրահարույց չէ, որովհետև միտված է աշխատանքային անկաշկանդ մթնոլորտի ձևավորմանը:
Հայաստանում ընտրության և իշխանության հաշվետվողականության ինստիտուտները չեն գործում, նույնիսկ օրենսդրական կարգավորումների մակարդակում խորհրդարանն ըստ էության չի վերահսկելու, այսպես կոչված, անվտանգության համակարգը, պետական եկամուտների, սեփականության ոլորտները: Այս համատեքստում կառավարության հրապարակային նիստերը գոնե նպաստում էին թափանցիկության մշակույթի ձևավորմանը: Հիմա օրենսդրորեն վերացվում է դա, և Հայաստանը թերևս դառնում է ժամանակակից Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ խորհրդարանական մոդելին անցնելուց հետո օրենսդրորեն ամրագրվում են ավտորիտարիզմի հիմքերը:
Սրան հավելենք Հայաստանում առկա կոռուպցիայի բարձր մակարդակը: Գոնե հիմա ԶԼՄ-ները մերկացնում են կառավարության այն որոշումները, որոնցում ակնհայտ են հովանավորչության և կոռուպցիայի դրսևորումները: Ապրիլից հետո այդ հնարավորությունը նույնպես կվերանա, և մեր կառավարությունն անարգել կթաթախվի կոռուպցիոն գործարքների մեջ՝ փակ դռների հետևում:










































