«Վերելք» հիմնադրամի նախագահ, փորձագետ Արծրուն Պեպանյանը Շանթ Հարությունյանի հետ անձամբ զրուցել էհայտնի դեպքերից երեք օր առաջ, ասել է՝ եթե քո ողջ ծրագիրն այն է, ինչ ներկայացրեցիր, ապա այն տեղ չի հասնի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ինքը՝ Արծրուն Պեպանյանը:
«Ասացի՝ հանրային մտածողության հեղափոխություն անելու համար այլ, ավելի ընդգրկուն ու բարդ ծրագիր է պետք ունենալ: Համաձայնեց, բայց և անդրդվելի էր իր պլանների իրականացման հարցում: Խորհուրդ տվեցի բենզինով շշերի փոխարեն խոսել նոր բերվող արժեհամակարգից, կամ եթե շատ է ուզում՝ ապա գոնե զուգահեռաբար: Համոզվեց: Բայց այսքան շուտ նա քայլ անելու մտադրություն չուներ այն օրը»,- ասաց փորձագետը:
Արծրուն Պեպանյանի խոսքով` Շանթ Հարությունյանի ծրագիրը քաղաքական առումով թերի էր, բայց ինքը նրան հասկանում է: «Հասկանում եմ, ինչպես որ հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր այս մղձավանջից ազատվելու համարթքել-հեռանալուց, իրենք իրենց ներսում պարփակվելուց, ինքնասպանվելուց, սրտի կաթված ստանալուց կամ էլ ընդոծին դառնալուց բացի, այլ ելք չեն տեսնում: Մարդիկ տարբեր են ու յուրովի էլ ընդվզում են այս իրականության դեմ:
Ինքս տևական ու խորքային վերլուծություն եմ կատարել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչու: Այնպես որ, այնքան պարզամիտ չեմ, որ հայտարարեմ, թե իշխանություններն են այս ամենի մեղավորը: Իրենք էլ հետևանք են իրենց հերթին: Համահեղինակել եմ վերջերս հրատարակված «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» գիրքը. խնդրեմ, ծանոթացեք հարյուր տարի առաջվա հայաստանյան իրավիճակին ու առավել քան կհամոզվեք, որ հենց ա՛յս իրականությունը պիտի ունենայինք ու ա՛յս իշխանությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ-շատերը հենց իշխանություններին են տեսնում որպես չարիքի պատճառ ու նրանց ընդվզումը այդ հասցեով էլ ուղղվում է:
Ամփոփելով՝ Արծրուն Պեպանյանը նկատեց, որ Հայաստանում ոչ մի հարց կարգավորված չէ, անտանելի բարոյահոգեբանական վիճակ է,
և իշխանությունները պարտավոր են լրջորեն խորհել կատարվածի շուրջ ու որոնել իրենց սխալներն ու վրիպումները: «Եվ ոչ թե ամեն անգամվա պես հրապարակ հանեն այլ իրականության մեջ ապրող իրենց հռետորներին ու էլ ավելի գրգռեն մարդկանց: Օրակարգում պետության գոյության հարցն է»:
Հիշեցնենք, որ նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկինում մեղադրվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիան նոյեմբերի 5-ինվերածվեց զանգվածային անկարգությունների: Չլսելով ոստիկաններին՝ Շանթ Հարությունյանն ու իր համախոհները Ազատության հրապարակից շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա: Ոստիկանները չէին կարողացել փակել նրանց ճանապարհը, ակտիվիստների և նրանց միջև բախումներ էին սկսվել, ինչի արդյունքում 20-ից ավելի մարդ բերման էր ենթարկվել:
Ակտիվիստները Մաշտոցի պողոտա էին բերել նաև պայթուցիկ նյութեր, որոնք պայթեցրել էին ոստիկանների ոտքերի տակ: Դեպքի վայր էին ժամանել նաև կարմիր բերետավորները, ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ուժեր, ինչպես նաև՝ ՌՈ-ի ուժերը:
Լուսանկարը՝ Photolure-ի










































