Վրաստանի նախագահի նստավայրի վրա կախվել է սրտիկներով դրոշ, ինչը կապված է երաժշտական տեսահոլովակի նկարահանման հետ՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Ինչպես հաղորդել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը՝ այդ դրոշը բարձրացվել է միայն մեկ օրով: Արդեն կիրակի նախագահական պալատի տանիքին կհայտնվի Վրաստանի պետական դրոշը:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գեորգի Կանդելակին ավելի վաղ ենթադրել էր, որ նստավայրի վերևում ծածանվող սրտիկներով դրոշը հավանաբար պետք է ընդունել «որպես համերաշխության նշան»:
«Չնայած քաղաքականությունում ամենից կարևորը կոնտեքստն է: Իսկ կոնտեքստը հետևյալն է՝ մեր հակասությունները ձեռնտու են թշնամուն: Մենք պետք է հաղթահարենք այդ ամենը և առաջնորդվենք մեր երկրի ապագայի շահերով: Դրանում է ողջ էությունը»,- նշել է Կանդելակին:









































