Արարատի մարզի երկու համայնքում՝ Արարատում և Նշավանում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են:
Հատկապես թեժ ընտրություններ են սպասվում Արարատ քաղաքում: Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներն են՝ ՀՀԿ-ից Արտաշատ քաղաքի «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հայկյանը և ԲՀԿ-ից «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը:
Նշենք, որ նախօրեին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն հանրահավաքներ էին անցկացրել Արարատում, մի հրապարակում ի պաշտպանություն ՀՀԿ թեկնածուի ելույթ էր ունենում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ մեկ այլ հրապարակում՝ նրա խնամին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նշավանում ևս առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը և անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:
Արարատում գործելու է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկ: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 6 հասարակական կազմակերպություն:
Հիշեցնենք, որ Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մահացել էր այս տարվա օգոստոսի 15-ին: Բաբայանի մահվան պատճառը գլխուղեղի քաղցկեղն էր եղել:








































