Այս պահին Ազատության հրապարակում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա մյուս ձերբակալված ընկերների հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, «Նախախորհրդարանի» անդամներ, ինչպես նաև ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը` իր թիմակիցների հետ: Ակցիան մեկնարկում է Ազատության հրապարակից:
Քիչ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ոստիկանների հետ զրույցում նշեց, որ իրենք նախապես տեղեկացրել են ակցիայի մասին. «Հավաքվել ենք մեկ նպատակով` Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով, երկրորդ` Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետ Հունան Պոոսյանի և բռնություն կիրառած մյուս ոստիկանների դեմ քրգործ հարուցելու պահանջով»:
Ոստիկանները հորդորում են երթի ժամանակ քայլել մայթեզրով, ինչին ի պատասխան Սաքունցը նշեց, որ նախապես իրազեկել են ոստիկանությանը, ուստի ոստիկանությունը չպետք է խոչընդոտի փողոցով ազատ տեղաշարժը:
Ի դեպ, այսօր ԱԻՄ կուսակցությունը` իր առաջնորդ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, լինելու է նախագահական նստավայրի մոտ, որտեղ հարցում են անցկացնելու հանրության շրջանում` դեպի ՄՄ, թե ԵՄ թեմայով:
Ակցիայի մասնակիցների ձեռքերին ցուցապաստառներ են հետևյալ գրություններով՝ «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություն», «Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին», «Ոչ Հայաստանի գաղութացմանը»:








































