«էմփիռեյ» ռոք խմբի նախկին մեներգիչ Սարգիս Մանուկյանը, ով արդեն մոտ կես տարի է (մայիսի վերջից) ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երեկ բացառիկ հարցազրույց է տվել «Հայկական ժամանակին»:
Իրեն հատուկ անկաշկանդ ու սուր շեշտադրումներով խոսքում նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանից հեռանալու պատճառներին՝ նշելով, որ իր համար՝ թե որպես երաժշտի և թե որպես մարդու, հոգեբանորեն շատ ծանր էր ապրել մեր երկրում:
Երգիչն ասել է, որ մտավախություն ուներ, թե մնալով Հայաստանում՝ կարող էր կորցնել իր տեսակը: «Որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի կյանքիս այս հատվածն ապրեմ հայրենիք կոչվող տարածքից հեռու, որովհետև այդ տարածքը ինձ կարող էր փոխել, դարձնել ուրիշ մարդ, որը ես չեմ ուզում: Այդ տարածքում այս պահին գործող բարքերը, բարոյական արժեքները, կյանքի կոդեքսները ինձ համար անընդունելի են»,- հայտարարել է նա և ընդգծել, որ Հայաստանում առկա մթնոլորտը մտածող մարդուն կարող է ուղղակի հանցագործ դարձնել:
Մանուկյանը ափսոսանք է հայտնել, որ 20 տարի շարունակ ինքն ու իր խումբը փորձել են ինչ-որ բան փոխել գոնե երաժշտության մեջ, բայց էական հաջողությունների չեն հասել, որովհետև իրենց ստեղծած երաժշտությունը չէր համապատասխանում մեր երկրում «մթնոլորտ» ստեղծողների քյաբաբախորովածային ճաշակին: Նաև մնացել են «չկայացած» ու «չգնահատված», որովհետև չեն սովորել քծնել ու շողոքորթել: Գտնվելով օվկիանոսի այն կողմում՝ երաժիշտը շարունակում է հետևել մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ bravo.am-ի









































