ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆրիկայի ժողովուրդներին վերաբերվում է «խորը հարգանքով», և հաստատակամ է նրանց հետ կապերն ամրապնդելու հանձնառության մեջ։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով Աֆրիկյան միության գագաթնաժողովի նախաշեմին աֆրիկացի առաջնորդներին ուղղված Թրամփի նամակին։ Փաստաթղթի իսկությունը հաստատել են ԱՄՆ վարչակազմի 2 ներկայացուցիչներ։
Նամակում նաև ասվում է, որ ԱՄՆ նախագահը մտադիր է մարտին մայրցամաք ուղարկել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ «ընդլայնված այցով»։ Ուղերձում նաև նշվում է, որ ամերիկացի զինվորները մայրցամաքում կողք-կողքի կռվում են աֆրիկյան երկրների զինծառայողների հետ ընդդեմ ծայրահեղականների։
Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ը նպատակադրված է Աֆրիկայի երկրների հետ «արդար և փոխշահավետ առևտրային հարաբերությունների» հաստատման և «օրինական միգրացիայի» ոլորտում գործընկերության զարգացման։










































