Մեծ Բրիտանիան խախտում է մարդու իրավունքները՝ ստիպելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մնալ Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը: France Presse-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեա Դելգադոն:
«Իրավիճակը բրիտանական իշխանությունների ձեռքում է: Եթե անհրաժեշտ է, որ Ասանժը մնա դեսպանատանը 30 տարի, նա այնտեղ կմնա 30 տարի, սակայն Լոնդոնի նման վարքը կլինի մարդու իրավունքների խախտում»,- ընդգծել է պետության ղեկավարը՝ նշելով, որ Ասանժն ունի ցանկացած այլ երկրում իր համար ապաստան փնտրելու իրավունք:
«Շվեդ քննիչները, ովքեր ցանկանում են հարցաքննել Ասանժին, կարող են դա անխոչընդոտ անել տեսակապի օգնությամբ»,- ասել է Էկվադորի նախագահը:
2012-ի հունիսի 19-ին Ասանժն ապաստան էր խնդրել Էկվադորի դիվանագիտական առաքելությունց՝ խուսափելու Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան կասկածում են սեռական հանցագործությունների մեջ: Ասանժը հերքում է մեղադրանքները: Նա մտավախություն ունի, որ Շվեդիան իրեն կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ նրան տևական ազատազրկման ժամկետ է սպասվում Պետդեպի գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման համար:










































