«Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը կշարունակվի, քանի դեռ թուրք-սիրիական սահմանի ողջ տարածքը՝ մինչև Իրաք չի ազատագրվել ահաբեկիչներից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրք-սիրիական սահմանը ձգվում է 900 կմ, սիրիական կողմը մեծամասամբ վերահսկվում է քրդական կազմավորումների կողմից։ Ավելի հարավ սկսվում են Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Աֆրին քաղաքի շրջանում գործողության ավարտից հետո թուրքական զորքերը գործողություն կսկսեն Մանբիջի շրջանում, ասել է Էրդողանը։

Քրդերն օգնություն են պահանջում Բաշար Ասադից։ «Ցանկացած հարձակում Աֆրինի վրա հանդիսանում է հարձակում սիրիական պետության ինքնիշխանության վրա»,- AFP-ին հայտնել է Աֆրինում քրդական վարչակազմի ղեկավարներից մեկը՝ անվանելով տարածաշրջանը «Սիրիայի անքակտելի մաս»։ Նախագահ Ասադը դատապարտել է թուրքական ագրեսիան, սակայն ռազմական առճակատման մեջ չի մտել Անկարայի հետ։
Խաղաղ բնակիչները լքում են Աֆրինը։ Առնվազն 5000 մարդ, ՄԱԿ-ի տվյալներով, ապաստան է գտել հարակից բնակավայրերում, ևս 1000 մարդ ուղևորվել է Հալեպ։









































