Հունվարի 27-ին կլրանա մարտունեցի խոպանչիներին «տիրություն արած» Արթուր Իրիցյանի սպանության և նրան սպանած մանկության ընկեր, համագյուղացի «Կոնչիտայի» ազատազրկման 3-րդ տարին:
Լիճքի բնակիչներ Արթուր Իրիցյանին սպանելու և նրա եղբայր Արայիկ Իրիցյանին դաժանաբար ծեծելու համար ամբաստանյալի աթոռին հայտնված 6 ամբաստանյալներից կալանքի տակ մնացած վերջին անձը /ովքեր ներգրավված են Մոսկվայի ասֆալտչիկների բիզնեսում/՝ Ա. Գորոյանը, շուտով կհայտնվի ազատության մեջ:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից ընդամենը 3 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Գորոյանը հունվարի 27-ին ազատ կարձակվի, քանի որ մեղադրողը ձևականորեն պահանջում է խստացնել նրա պատիժը, սակայն իրականում այդպես էլ ոչինչ չարեց նրա կալանքի ժամկետը երկարացնելու համար՝ մինչ պատժաժամկետի լրանալը:
Գեղարքունիքի մարզի ավագ դատախազ, Լիճքի սպանության գործով մեղադրող Վարդան Լազարյանը հունվարի 24-ի դատական նիստում ապշեցրեց իր մտահոգությամբ. ասաց՝ եթե բաց թողնենք Արմեն Գորոյանին /«Կոնչիտային»/, ուր ասես՝ կարող է գնալ…
Ամբաստանյալ Գորոյանը հանգստացրեց դատարանին. ասաց, որ ոչ մի տեղ էլ չի գնա, Երևանում վարձով կմնա: Այդուհանդերձ նա տապալեց ավարտին մոտեցող դատավարությունը. Ժամանակ շահելու և ազատազրկման կամ կալանքի ժամկետը երկարացնելու հարցը խափանելու համար հրաժարվեց իր երկու պաշտպաններից և ասաց, որ նոր պաշտպան է ուզում… /մինչև նա ծանոթանա գործին, ինքը դուրս կգա բանտից/:
Վատ վիճակում հայտնված վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պապոյան, Ռ. Մխիթարյան, Ռ. Բարսեղյան կազմով և վերջինիս պասիվ նախագահությամբ, ստիպված եղավ իրավիճակից դուրս գալու տարբերակ փնտրել՝ ստիպված բավարարելով ամբաստանյալի պահանջը:
Դատարանը միաժամանակ շրջանառության մեջ դրեց Ա. Գորոյանի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու հնարավորության հարցը, որը կքննարկի հաջորդ դատական նիստում: Իսկ մինչ այդ դատախազին լսեց:
Չնայած դատախազը, դատարանի հարցին ի պատասխան՝ ասաց, որ Գորոյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը դեռ չի վերացել, սակայն չի բացառվում, որ ազատ արձակվելու դեպքում նա դուրս գա երկրից, այդուհանդերձ պաշտոնյան դա ներկայացրեց որպես մտահոգություն, ոչ թե միջնորդություն:
Փաստորեն նա մինչ օրս գլխի չի ընկել, որ պետությունն իրեն վճարում է ոչ թե զուտ մտահոգություն հայտնելու համար, այլև նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու, դատարաններում մեղադրանքը պաշտպանելու, հնարավոր կամ կրկնվող հանցագործությունները կանխելու համար…
Բայց այլ պատկեր ստացվեց. մեղադրող Վ. Լազարյանը, սույն գործով նախագահող դատավոր Ռ. Բարսեղյանն իրենց պասիվությամբ նպաստեցին պաշտպանական կողմի որդեգրած մարտավարության իրականացմանը. այն է՝ ամեն գնով տապալել նիստերը՝ մինչև Գորոյանի պատժաժամկետի լրանալը:
Խնդիրն այն է, որ գործը քննած քննիչները, օրինականությունը հսկած դատախազը, առաջին ատյանի դատավորը միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործության գործով անցնող մեղադրյալներին թողել են ազատության մեջ: Դրանից հետո գործով վկաները՝ գրեթե մի ողջ գյուղ, մեծ մասը՝ դեպքի մասնակիցներին բարեկամ ու հարազատ, հնարավոր ազդեցությունից փոխել են գործի հանգամանքների մեջ տեղավորվող նախնական, տրամաբանական ցուցմունքները: Դրանք փոխել, դարձրել են ոչ հավաստի ու թշնամացել միմյանց:
Ուստի շատ հավանական է, որ Արմեն Գորոյանի ազատ արձակումից հետո գյուղում կրկին լարված իրավիճակ ստեղծվի: Եվ դժվար է ասել՝ արդարադատության ձախողումից հետո, Արմեն Գորոյանի համար որտեղ ավելի անվտանգ կլինի՝ դրսու՞մ, թե՞ բանտում…
Հիշեցնենք գործով անցնող մյուս ամբաստանյալներին. Երևանի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանը /Գռնոն/, Արիստակես Բարսեղյանը /Արիսը/, Լիճք գյուղի բնակիչներ Արմեն Գորոյանը /Կոնչիտա/, Աշոտ Ավետիսյանը /Տոշա/, Էդգար /Ալֆա/ և Էդուարդ /Ռուսը/ Սրքոյաններ:
Տեսնենք՝ ինչ շարունակություն կունենա այս պամությունը. Բանդանե՞րը կվերացնեն գյուղերը, թե՞ գյուղերը կկանգնեն և կոռուպցիայի գերանը կկոտրեն:
Հաջորդ դատական նիստը՝ հունվարի 29-ին:









































