«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստում այսօր Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպանները միջնորդեցին որպես վկա դատարանում հարցաքննել «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին և «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանին:
Սեֆիլյանի պաշտպաններից փաստաբան Արայիկ Պապիկյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ մասնավորապես Վարուժան Ավետիսյանը հստակ տեղեկություններ ունի Սեֆիլյանի իրականացրած գործողությունների, միջոցառումների, հետագա ծրագրերի մասին: «Նա սպառիչ տեղեկություններ կարող է տրամադրել դատարանին: Դա կարող է էական ազդեցություն ունենալ թե Սեֆիլյանի և թե Վարուժան Ավետիսյանի համար»,-նշեց Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանին և Մանուկյանին ևս առաջադրված է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանք, ինչպես և Սեֆիլյանին:











































