Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ուղեվարձի աղմուկը ամիսներ առաջ բարձրացավ այն բանից հետո, երբ փոխադրող ընկերությունները առանձին-առանձին դիմեցին քաղաքապետարանին՝ վերանայելու ուղեվարձը. «Մարդիկ, որոնք իրենց համարում են ակտիվիստ, աղմուկ բարձրացրին նոր ուղեվարձի համար, քաղաքապետը կասեցրեց որոշումը: Մենք նորից նամակներ գրեցինք, ստեղծվեց հանձնաժողով: Երեք ամիս է անցել, սակայն անցկացվել է ընդամենը 2 նիստ, և այդ դանդաղկոտությունը մեզ զայրացնում է»:
Նա նշեց, որ բաց նամակ են գրել քաղաքապետարանին՝ հանձնաժողովի աշխատանքները ակտիվացնելու համար, որից հետո կորոշվի՝ իրենք կշարունակե՞ն իրենց աշխատանքները, թե՞ ոչ:
Բանախոսն ասաց, որ ընկերությունների տնտեսական վիճակն ահավոր է, չեն կարողանում վճարել գույքահարկի, ԱՊՊԱ-ի, տեխզննման և այլնի համար և պատրաստ են պայքարել՝ ընդհուպ մինչև աշխատանքի բոյկոտը:
Նրա հավաստմամբ՝ իրենց հաշվարկներով՝ ուղեվարձը պետք է լինի 200 դրամ, սակայն ելնելով սոցիալական պայմաններից՝ կաշխատեն նաև 150 դրամով. «Երեկ քաղաքապետարանում մեզ մեկ ժամ սպասեցնելուց հետո վերջապես բարեհաճեցին ընդունել մեզ: Քաղաքապետարանը չի էլ աշխատում այդ ուղղությամբ, իսկ մենք վարկերը չենք կարողանում փակել՝ ի՞նչ անենք»:










































