Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը վստահ է՝ Թուրքիայում տիրող ազգայնականության թեժ մթնոլորտի պայմաններում հասկանալի է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից արված հայտարարությունը թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսված ռազմական գործողությանն աջակցելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի խնդրանքով նա անդրադարձել է փաստին, որ Թուրքիայի հայկական համայնքի մի շարք անդամներ խիստ բացասաբար էին արձագանքել պատրիարքարանի կողմից հնչեցված հայտարարությանը: «Թուրքիայում այս պահին ուժեղ ազգայնական քամիներ կան, և նման պայմաններում եթե որևէ ազգային փոքրամասնության կառույց պետությանն աջակցող հայտարարություն է հանում, մյուսներն էլ դա անելու պարտավորվածություն են զգում»,- նշեց Դանզիկյանը:
Նա հիշեցրեց, որ նմանօրինակ հայտարարությունների իրենք շատ են ականատես եղել 1980-90-ական թվականներին՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած բռնությունների ժամանակաշրջանում: «Այս առումով թվում է, թե Թուրքիայում ոչինչ չի փոխվել: Իհարկե, նման հայտարարությունները չեն կարող բոլորի կողմից աջակցություն ստանալ, սակայն մյուս կողմից էլ պետք է չմոռանալ, որ Թուրքիայում ձերբակալվում են անգամ այն անձինք, ովքեր սոցիալական մեդիայի միջոցով հայտարարում են, թե չեն ցանկանում պատերազմ»,- ասաց «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը՝ նկատի ունենալով այն փաստը, որ Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը դեմ արտահայտված տասնյակ անձինք ներկայում ձերբակալված կամ կալանավորված են:
«Հետևաբար, որքանով որ սխալ է ասելը, թե «հայերը աջակցում են պատրիարքարանի հայտարարությանը», նույնքանով էլ սխալ է ընդհանրացում անելը, թե «հայերը դրան չեն աջակցում»: Նման պայմաններում պատրիարքարանը սովորաբար պետության կողքին է եղել: Սակայն անհերքելի է նաև այն, որ շատերը սխալ են համարում այս թեմայով պատրիարքարանի կողմից հայտարարության հնչեցումը»,- նշեց Դանզիկյանը:







































