Square վճարային համակարգը, որը ստեղծվել է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի կողմից, կարող է բորսա դուրս բերվել հաջորդ տարի: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ընկերությունը ոչ պաշտոնական խորհրդակցություններ է սկսել բանկիրների հետ բորսայում բաժնետոմսերի հրապարակային բաշխման (IPO) մասին: Նշենք, որ Twitter-ի արժեթղթերի՝ բորսայում հրապարակային բաշխումը տեղի է ունեցել երեկ:
Square-ն արդեն 340 մլն դոլարի վենչուրային ներդրում է ներգրավել, որից 200 միլիոն դոլարը՝ այս տարի: Այդ գործարքների արդյունքում ընկերության շուկայական գինը գնահատվում է 3.25 միլիարդ դոլար (Square-ի ներդրողներից մեկն է Starbucks-ը):
Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Դորսին Square-ը ստեղծել է 2009 թվականին՝ Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացվելուց մի քանի ամիս անց: Այնուհետև նա վերադարձել էր Twitter և մինչ անցած տարի գլխավորել արտադրանքների մշակման բաժինը: Ներկայում նա մնում է Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահը:









































