«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
«Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր է գալիս «ռաբիս» երաժշտությունը, մարդիկ մի երկու բաժակ ընդունելով՝ սկսում են լաց լինել, եթե երգում խոսքը չբավարարված սիրո մասին է, կամ վեր են թռնում ու սկսում են պարել, երբ սիրային ճակատում ամեն ինչ բարեհաջող է։ Ժողովրդի մեծամասնության ճաշակը ես չեմ կիսում և, հակառակը, կարծում եմ, որ իմ պարտքն է ոչ թե հիանալ, ասենք, Սպիտակցի Հայկոյով, այլ, դեմ գնալով համընդհանուր ճաշակին, քարոզել ավելի բարձրաճաշակ երաժշտություն։
Մեր ժողովրդի մեծամասնությունը վախենում է, որ թուրքերը մեզ վրա կհարձակվեն ու մեզ կոչնչացնեն, և այդ պատճառով վստահ է, որ մենք պետք է հավերժ ապրենք «ռուսի շվաքի տակ»։ Ես այդ վախը և վստահությունը չեմ կիսում, ավելին՝ փորձում եմ մարդկանց համոզել, որ չի կարելի տասնամյակներով ապրել նման բարդույթներով ու նախապաշարումներով։ Իհարկե, ավելի ձեռնտու կլիներ ինձ համար հայհոյանքներ և հոխորտանքներ ուղղել «դարավոր ոսոխի» հասցեին։
Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր էր գալիս, երբ ՀՀՇ-ականները ջարդել էին ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը, երբ Ալբերտ Բաղդասարյանը սպառնում էր Լևոն Տեր-Պետրոսյանին «ռումինական տարբերակով» գնդակահարությամբ, երբ Գառնիկ Իսագուլյանը առաջարկում էր կախել իշխանավորներին, երբ ԱԺՄ-ականները տապալեցին Ազգային ժողովի պարիսպը և հարձակվեցին խորհրդարանի ղեկավարների վրա, երբ Շանթը որի անկեղծությանը, ի դեպ, չեմ կասկածում, սպառնում էր գրավել պետական շենքերը, ինչպես նաև փայտերով ու պայթրուկներով երթ էր կազմակերպել։ Ժողովրդին այդ ամենը դուր է գալիս այն պարզ պատճառով, որ այս 22 տարիների ընթացքում ու դրանից առաջ էլ իշխանությունն իրեն խիստ բացասաբար է դրսևորել՝ այն ծայրաստիճան կոռումպացված է և լպիրշ, որ վերը թվարկած (ինչպես նաև բազմաթիվ այլ՝ չթվարկած) դրսևորումները ժողովրդի «սիրտը հովացնում են», գուցե նաև լիցքաթափում են բացասական էներգիան։
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի








































