ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր չծրագրված այց կկատարի Ժնև՝ հանդիպելու Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ՝ փոխանցում է NBC հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Քերիի այցը Ժնև, որտեղ ընթանում է Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների հերթական ռաունդը, նշան է այն մասին, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածությունների հասնել, ինչը կդառնա պատմական՝ երկու երկրների միջև 35 տարում առաջինը:
Ժնևում բանակցություններից հետո ԱՄՆ Սենատը մտադիր է քննարկել Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման հարցը: Նախաձեռնությունը հանրապետականներինն է:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը երեկ կուլիսներում հայտարարել էր, որ Իրանն ակնկալում է ուրբաթ օրը պայմանավորվածություն ձեռք բերել:
Ավելի ուշ նրա տեղակալ Սայիդ Աբաս Արաքչին նշել էր, որ Իրանը պատրաստ է հրաժարվել միջուկային գործունեության մի մասից՝ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դիմաց: Նա նաև ընդգծել էր, որ «վեցյակի» ներկայացուցիչները համաձայնել են աշխատել այդ ուղղությամբ:






































