Արդեն հարկային ծառայության թվով երկրորդ պաշտոնյան է մտահոգություններ հայտնում 2014 թվականի պետական բյուջեի կատարման հնարավորությունների կապակցությամբ: Եթե մի քանի օր առաջ ԱԺ-ում հարցը քննարկելիս ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն էր այդ մտահոգությունները արտահայտել, ապա երեկ էլ կառավարությունում նույն մտահոգություններն արտահայտել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
2014 թվականի բյուջեով նախատեսվում է ավելացնել բյուջետային եկամուտները 98 միլիարդ դրամով և ՊԵԿ-ի պաշտոնյաները մտահոգություններ են հայտնում լրացուցիչ այս եկամուտները հավաքագրելու կապակցությամբ` կապված, իհարկե, տնտեսական վիճակի հետ:
Այստեղ տեղին է հիշել, որ երբ քննարկվում էր 2013 թվականի բյուջեն, կատարման վերաբերյալ մտահոգություններ հայտնում էր նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այսինքն` նա կասկածում էր, որ իրատեսական է 2013 թվականի բյուջեով էլ 2012-ի համեմատ լրացուցիչ 101 միլիարդ դրամի հավաքագրումը:
Դժվար է ասել, թե 2013-ի բյուջեի կատարողականով հարկային եկամուտների ինչ ցուցանիշ կլինի, սակայն իր մտահոգություններով Գագիկ Խաչատրյանն, ըստ էության, պահպանեց իր տեղը ՊԵԿ նախագահի պաշտոնին, քանի որ նախ` ապահովագրեց իրեն հնարավոր թերակատարումից, քանի որ վերջում կարող է ասել, որ ինքը նախապես զգուշացրել էր պլանային ցուցանիշների բարձրության մասին, և բացի այդ էլ` պարզապես բարձրացրեց իր գինը, քանի որ երբ ՊԵԿ նախագահը մտահոգություններ է հայտնում պլանային ցուցանիշների կապակցությամբ, ըստ էության սա լարված վիճակ է ստեղծում ընդհանրապես տնտեսության մեջ, և նրան տալիս են, այսպես ասած, քարտ-բլանշ, միայն թե ինչպես ուզում ես հավաքիր: Եվ Գագիկ Խաչատրյանն էլ ինչպես ուզում հավաքում է, այլ կերպ ասած` բյուջեն ուղղակի քերում է բիզնեսից:
Եվ ըստ էության, այսօր էլ կարծես թե գործի է դրվում նույն մեխանիզմը, և ՊԵԿ նախագահը մի կողմից թերակատարման համար իր ապահովագրությունն է փորձում ստանալ՝ իր տեղակալների միջոցով արտահայտվող մտահոգություններով, իսկ մյուս կողմից էլ նա ցանկանում է իշխանություններից ստանալ բյուջեն բիզնեսից քերելու հերթական «քարտ-բլանշը», բարձրացնելով սեփական գինը և ազատելով իրեն տնտեսական դաշտի ամայացման համար պատասխանատվությունից:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































