Tesla ընկերության արտադրության էլեկտրամեքենան, գտնվելով ավտոպիլոտային ռեժիմում, մխրճվել է հրշեջ ծառայության մեքենայի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Քալվեր-սիթիում (Կալիֆորնիա), հայտնում է CNN-ը։
Model S սեդանը շարժվել է մոտ 104 կմ/ժամ արագությամբ և մխրճվել հրշեջ մեքենայի մեջ, որը կանգ էր առել ավտոճանապարհին՝ այլ ՃՊՏ-ի մասնակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության ազգային վարչությունը մտադիր է հետաքննություն անցկացնել և ուսումնասիրել վթարի բոլոր հանգամանքները։
Ընկերությունում լրագրողներին հայտարարել են, որ նույնիսկ ավտոպիլոտի օգտագործման ժամանակ վարորդը պարտավոր է վերահսկել իրավիճակը, որպեսզի ցանկացած պահի կառավարումն իր վրա վերցնի։








































