Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Պուտինը դեկտեմբերի 1-2-ին գալու է Հայաստան: Մինչ այդ Պուտինի մամուլի ծառայությունը բառացիորեն երկու օր առաջ հայտարարել էր, որ այդ այցելության մասին դեռ ոչ մի խոսք չկա, և մինչև դեկտեմբեր կա նոյեմբերը:
Արա Աբրահամյանն, իհարկե, լավատեղյակ կլինի Պուտինի այցերի մասին: Միգուցե ոչ ավելի, քան Պուտինի մամուլի ծառայությունը, սակայն այստեղ, ըստ ամենայնի, մամուլի ծառայությունն ընդամենը քաղաքական հայտարարություն է արել, ոչ թե տեղեկություն տարածել: Իսկ քաղաքական հայտարարության իմաստն այն է, որ Պուտինը Հայաստանի, այսպես ասած, ողջ քաղաքական դաշտը կախված է պահում իր այցից, այսինքն՝ որքան մեծացնում է սպասումը, այնքան, ըստ էության, իր գինը՝ այդ քաղաքական դաշտի համար:
Իսկ որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր գին ունի միայն Պուտինը, մենք համոզվել ենք վերջին երկու տարիների իրադարձությունների արդյունքում: Այնպես որ՝ տեղեկատվություն տվողը Արա Աբրահամյանն է, իսկ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը զբաղված է քաղաքականությամբ: Եվ եթե այդ քաղաքական հայտարարությունից հետո Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահը գալու է, կնշանակի, որ Հայաստանի համար փակված է Վիլնյուսի գագաթնաժողովի թեման:
Հայաստանի իշխանությունները կարծես թե դադարեցրել են շփումները Եվրոպայի դիվանագետների հետ: Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո ինտենսիվորեն փորձում էր Եվրամիությանը համոզել գոնե ինչ-որ բան ստորագրել Վիլնյուսում: Եվ նկատի ունենալով Հայաստանի այդ նախնական ինտենսիվությունը, որը թեև, իհարկե, զավեշտալի էր սեպտեմբերի 3-ի ֆոնին, այնուհանդերձ՝ տրամաբանությունը հուշում էր, որ ինչքան մոտենա Վիլնյուսը, այնքան պետք է հայ դիվանագետները Եվրոպայի դռներից տուն չգան և փորձեն համոզել Բրյուսելին, որ Վիլնյուսում անպայմանորեն լինի քիչ թե շատ արժեք ներկայացնող որևէ բան Հայաստանի մասով:
Սակայն որքան մոտեցավ Վիլնյուսը, Հայաստանի իշխանությունները այնքան ավելի սկսեցին հեռու մնալ եվրոպացի դիվանագետներից և փոխարենը Հայաստանում հուշագրեր ստորագրել եվրասիացիների հետ՝ ի դեմս ռուս չինովնիկների, մասնավորապես՝ Վիկտոր Խրիստենկոյի:
Սա սիմպտոմատիկ իրավիճակ է ոչ միայն զուտ Վիլնյուսի առումով: Փաստորեն Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին զրկում է անգամ, այսպես ասած, բարոյական հաղթանակների հնարավորությունից կամ ավելի շուտ՝ իրավունքից:
Այստեղ շատերը կարող են ենթադրել, որ այս դեպքում ինչու է Հայաստանը Վիլնյուսին մասնակցելու Սերժ Սարգսյանի մակարդակով: Պաշտոնական Երևանը, համենայնդեպս, առայժմ խոսում է այդ մակարդակի մասին: Իհարկե, չի բացառվում, որ վերջին պահին Սերժ Սարգսյանն ինչ-որ պատճառով չգնա: Սակայն գնալն էլ այս դեպքում անտրամաբանական չէ և լիովին տեղավորվում է Հայաստանի բարոյազրկման ռուսական ռազմավարության մեջ, որ սեպտեմբերի 3-ից ի վեր հետևողականորեն իրականացվում է Հայաստանի իշխանությունների լիակատար դիմազրկման արդյունքում:
Վիլնյուսում Սերժ Սարգսյանի մասնակցությունը կլինի հենց բարոյազրկման վառ արարներից մեկը, երբ Սարգսյանը կգնա Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, և այդ բարձր մակարդակի մասնակցությամբ առավել ցցուն կլինի այն ցածր մակարդակը, որին արժանանում է այդ կառույցում Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում ուղղակի «պարապ» կմնա, և սա էլ ավելի նվաստացուցիչ կլինի նրա համար, էլ ավելի կընդգծի Հայաստանի ոչնչացվածությունը և ԱԳ-ում, և միջազգային ասպարեզում՝ ընդհանրապես, քան նրա Վիլնյուս չմեկնելը: Այնպես որ՝ բոլորովին պետք չէ բացառել, որ Պուտինը նրան ոչ թե հրամայի չմեկնել, այլ Հայաստան գա հենց այն պարտադիր պայմանով, որ դրանից առաջ Սարգսյանը մեկնելու է Վիլնյուս:








































