Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակչուհի Սուսաննա Գաբրիելյանն այսօր կառավարության շենքի մոտ ներկայացնում էր Օհանավանի, Ուշիի և Կարբիի հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանի կամայականությունները, ով իրեն պատկանող ընդամենը 1000 մետր հողատարածքն իրենով է արել:
Նա պատմեց, որ 2013-ի ապրիլին, երբ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը հայտնվեց Օհանավան գյուղում, իրենք պահպանական տարածքից 100 կմ հեռավորության վրա հողակտոր ունեին. «Ծառեր ենք տնկել, 100 ընկուզենի էլ պապս է տնկել: Հոկտեմբերի 23-ին ամբողջը քոքահան են արել թափել, երբ հասա, մի քանի հատ էր մնացել: Ես մենակ էի, մի քանի ոստիկան էին բերել»,- հուզված պատմեց կինը:
Նա նշեց, որ Եփրեմ քահանա Զարգարյանը Վեհափառի քրոջ տղայի՝ Մկրտիչ Պռոշյանի միջնորդությամբ նամակ է գրել կառավարությանը, թե պահպանական տարածքից տարանջատված տարածքը չի պատկանում պահպանական տարածքին. «Աչքը ծակել է տարածքը, չի կշտացել. Կարպին, Մուղնին, Ուշին, Օհանավանը զավթել է, մնում է այս տարածքն էլ զավթի, կարելի՞ է օբյեկտ կառուցել ու շահույթ ստանալ… ձորի բերան, գեղեցիկ տեղ»,- ասաց նա:
Եփրեմ քահանա Զարգարյանն իրեն ամենազոր է համարում, և ինչ ուզում՝ անում է, գուցե գիշերային ակումբ բացի:








































