Թեհրանի և Արևմուտքի երկրների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ տասնամյա հակասությունները կարող են լուծվել ամենակարճ ժամկետներում, եթե բոլոր կողմերը դրա համար առավելագույն ջանքեր ներդնեն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հայտարարությանը:
Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» ներկայացուցիչների բանակցություններն իրանական միջուկային ծրագրի թեմայով այսօր և վաղը կընթանան Ժնևում:
«Եթե յուրաքանչյուրն անի հնարավոր ամեն ինչ, մենք դա կկարողանանք»,- ասել է Զարիֆը լրագրողներին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ բանակցություններից հետո: «Մենք լուրջ զրույց ենք ակնկալում: Դա հնարավոր է»,- հավելել է նա՝ պատասխանելով հինգշաբթի և ուրբաթ օրերի հակասությունների հաղթահարման հեռանկարների մասին հարցին:










































