2014-ին Աֆղանստանից հեռանալուց առաջ ամերիկացի զինվորականները մետաղի ջարդոնի են վերածում իրենց տեխնիկայի և սարքավորումների մեծ մասը: Ջարդոնը նախատեսված է միլիոնավոր դոլարներով վաճառքի համար: Ամերիկյան բանակի ներկայացուցիչների խոսքով՝ տեխնիկան և սարքավորումները ոչնչացվում են, որ դրանք չընկնեն գրոհայինների ձեռքը: Բացի դրանից՝ նման միջոցառումները թույլ կտան ԱՄՆ-ին վիթխարի գումարներ խնայել Աֆղանստանից ԱՄՆ տեխնիկայի փոխադրման հարցում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տեղի բնակչությունը վրդովված է ամերիկացի զինվորականների նման գործողություններից, քանի որ նրանք ոչնչացնում են նաև կահույքն ու կենցաղային տեխնիկան, որոնք կարող են կիրառել աֆղանները: Ներկայումս ամերիկացիներն Աֆղանստանում արդեն վաճառել են 46.5 մլն դոլարի մետաղի ջարդոն:
Ոչնչացվում է ոչ ամբողջ տեխնիկան: ՆԱՏՕ-ի ուժերը աֆղանական բանակին ու ոստիկանությանն են փոխանցել 71 մլն դոլարի տեխնիկա:
«Մենք սերտորեն աշխատում ենք անվտանգության աֆղանական ուժերի հետ՝ պարզելու, թե ինչ տեխնիկա է նրանց պետք, և նրանք որոնք կարող են պահել աշխատանքային վիճակում»,- հայտարարել է ամերիկյան բանակի ներկայացուցիչ, գնդապետ Ջեյն Քրայթոնը:









































