Նոյեմբերի 22-ից կսկսվի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եվրոպական շաբաթը, որն իրականացվելու է առաջին անգամ: Այն միջոցառումների շաբաթ է, որը նախատեսվում է անցկացնել Եվրոպայի խորհրդի մասշտաբով: Մեկ շաբաթվա ընթացքում հիմնական թիրախը կլինի քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը, մարդկանց կհորդորեն հանձնել ՄԻԱՎ թեստեր: Հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինա, Հայաստան, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակը բավական ահագնացնող է:
Հայաստանում շարունակվում է վարակվածության դեպքերի ավելացումը թմրամոլների, սեքս ծառայություններ մատուցող կանանց ու տղամարդկանց, նաև արտագնա աշխատանքի մեկնող ներգաղթյալների շրջանում, որոնք հիմնականում աշխատանքի են գնում Ռուսաստան:
Լրագրողների հետ հանդիպմանը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եվրոպական շաբաթին ընդառաջ նման վիճակագրություն ներկայացրեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ միջազգային ալյանս ծրագրերի տնօրեն Լեսիա Խմելը: Նա մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ հիմնականում տղամարդիկ արտագնա աշխատանքի վայր են ընտրում Ռուսաստանը, որտեղ ներկայումս դիտվում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակման դեպքերի աճ, քանի որ միջազգային դոնոր կազմակերպությունները հեռացել են երկրից, իսկ երկիրն էլ արդյունավետորեն չի կարողանում պայքարել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ. երբ հայտնաբերվում է, որ ներգաղթյալը վարակակիր է, նրան պարզապես արտահանձնում են:
Այն, որ մեզանում նկատվում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակման դեպքերի աճ, հաստատում են նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վիճակագրական տվյալները, որոնք ներկայացրեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի Արևելյան տարածաշրջանի երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության ազգային ծրագրերի ղեկավար Աշոտ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների մոտ 70 տոկոսը արտագնա աշխատանքի մեկնած ներգաղթյալներ են: 1988-ից մինչև 2013թ. սեպտեմբերի 30-ը գրանցվել է վարակման 1541 դեպք, իսկ այս տարի նկատվել է վարակվածության ամենաբարձր ցուցանիշը՝ 222 մարդ: Վարակվածների տարիքը 25-39-ն է: «Մինչ օրս ՁԻԱՀ-ից մահացել է 58 կին, 7 երեխա»,- հայտնեց Աշոտ Գևորգյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն դեպքին, որ շատ են նաև չբացահայտված դեպքերը. կա ՄԻԱՎ-ով վարակված մոտ 3500 մարդ, իսկ վարակվածների կեսից ավելին չգիտի իր վարակված լինելու մասին:
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի որ մասում են առավել շատ հայտնաբերվել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վարակման դեպքեր, վերջինս պատասխանեց, որ առաջին տեղում Երևանն է:
Բանախոսի խոսքով՝ ծրագիրը փորձում է մի շարք հարցեր լուծել. մշակվել է հատուկ խնդիրների շարք, որոնք պետք է լուծել գոնե հաջորդ տարի: Դրանք են արագ թեստերը, շարժական լաբորատորիաների ստեղծումը, սեռավարակների բուժումը անվճար դարձնելը, հեպատիտների բուժումը: Աշոտ Գևորգյանը անհանգստացնող համարեց այն, որ 2015-ին ավարտվում է Հայաստանի ֆինանսավորումը դոնորական կազմակերպությունների կողմից:







































