Հաջորդ տարվա պետբյուջեն էականորեն տարբերվում է նախորդ տարիների բյուջեների եկամտային և ծախսային տրամաբանությունից նաև նրանով, որ վարչարարական լրացուցիչ գործիքներ, հարկային բեռի ավելացում չի նախատեսվում: Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ 2014-ի բյուջեով փորձ է արվում շտկել առևտրի պայմանների վատացումը, տնտեսական աճի դանդաղումը:
«Նախորդ տարիներին հատկապես խոշոր ձեռնարկությունները շահութահարկի կանխավճարներ են մուծել, իսկ մյուս տարվա բյուջեի համաձայն չեն մուծելու: Պետք չէ, որ փոքր շինարարությունները անպայման լիցենզավորված շինարարական կազմակերպություն իրականացնի. եկամտային հարկը ինչպես պետք է, այդքան հավաքագրենք: Առաջին անգամ կառավարությունը անուղղակի ձևով ներկայացնում է ստվերային տնտեսության ցուցանիշը»,- ասաց նա:
Մելքումյանը գերադասեց խուսափել պետբյուջեին անվանումներ, թվային գնահատականներ տալուց, նշեց, որ նույն տրամաբանությունը պահպանվել է, ինչ նախորդ տարի: Վերջին մեկուկես տարվա ընթացքում ԲՀԿ ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններից ընդունվել է միայն մեկը: Անդրադառնալով պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի նախագծին՝ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ աշխատավարձերի բարձրացմանը իրենք կողմ են, սակայն կողմ չեն այս ձևով բարձրացմանը: «Եթե այդքան մարդու մենք զրկում ենք գործազրկության նպաստից և այդ գումարը անհայտ որակի ծրագրերի վրա ենք ուղղում, սա այնքան էլ տեղին չէ. մենք կարծում ենք, որ պետք է դա աստիճանաբար արվի: Ես դեմ եմ բալային համակարգով գնահատականներ տալուն»,- ասաց նա:









































