ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի օդանավակայանում ԱՄՆ ՀԴԲ-ի աշխատակիցները ձերբակալել են ամերիկացի Ուիլյամ Փոթսին, ով 1984-ին ինքնաթիռ էր առևանգել և մեկնել Կուբա: Մոտ 30 տարի ապրելով Ազատության կղզում՝ նա ԱՄՆ է ժամանել չորեքշաբթի օրը, քանի որ կարոտել էր 2 դուստրերին և հայրենիքը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
ՀԴԲ-ի տվյալներով՝ 1984-ին Փոթսը միակողմանի տոմս է գնել Նյու Յորքից Մայամի մեկնող ինքնաթիռի համար: Վայրէջքից մի քանի րոպե առաջ նա բորտուղեկցորդուհուն ասել է, որ օդանավում 2 պայթուցիկ սարք կա, որոնք ինքը գործի կդնի, եթե այն ուղղություն չվերցնի դեպի Հավանա: Ավելի ուշ ամերիկացին խոստովանել է, որ իր մոտ եղել է միայն ատրճանակ:
Կուբայում նրան մեղադրել էին ինքնաթիռի առևանգման մեջ և դատապարտել 13 տարվա ազատազրկման:








































