Երեքշաբթի Նյու Յորքում կայացած քաղաքապետի ընտրություններին ընտրողների մասնակցությունը եղել է ամենացածրը վերջին կես դարում: Ինչպես հայտնել են մեգապոլիսի ընտրական հանձնաժողովից, քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 24 տոկոսը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ընտրություններին մասնակցելու համար ԱՄՆ բնակիչները պետք է նախապես գրանցվեին և իրենց անունն ավելացնեին ընտրողների ռեեստրում: 8.3 մլն բնակիչ ունեցող Նյու Յորքում գրանցվել էր 4.3 մլն ընտրող, որից ավելի քան 1 միլիոնն է մասնակցել ընտրություններին:
Փորձագետների կարծիքով՝ մասնակցության նման ցածր մակարդակը բացատրվում է նրանով, որ մինչ ընտրությունները քչերն էին կասկածում դեմոկրատ Բիլ դե Բլազիոյի հաղթանակին: Նրա կողմնակիցներից շատերը տանն են մնացել՝ համոզված լինելով, որ նա կհաղթի նաև առանց իրենց աջակցության:
Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ դե Բլազիոյի օգտին է քվեարկել ընտրողների 73 տոկոսը, իսկ հանրապետական Ջոզեֆ Լոտայի օգտին՝ 24 տոկոսը:
2009-ին կայացած ընտրությունների ժամանակ մասնակցությունը կրկին ցածր է եղել՝ 28 տոկոս: Այն ժամանակ էլ որևէ մեկը չէր կասկածում, որ գործող քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կընտրվի երրորդ ժամկետում:
Ընտրողների ամենամեծ մասնակցությունը մեգապոլիսում գրանցվել է 1953 թվականին՝ 93 տոկոս:








































