Կոլորադո նահանգի մի մասի առանձնացման նախաձեռնությունը՝ ԱՄՆ 51-րդ նահանգի ստեղծման նպատակով, աջակցություն չի ստացել շրջանների մեծամասնությունում, որտեղ հարցը դրվել էր քվեարկության, հղում կատարելով ձայների նախնական հաշվարկին` հայտնում է Сoloradoan.com-ը:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ առանձնացման օգտին է քվեարկել Կոլորադոյի շրջաններից 5-ը, դեմ՝ 6-ը:
Առանձնացման կողմնակիցներն, այդուհանդերձ, հայտարարել են, որ իրենց նպատակն էր իշխանություններին ստիպել լսել իրենց կարծիքը, ինչը հաջողվել է:
Քվեարկության ընթացքում տեղացիները պետք է «այո» կամ «ոչ» պատասխանեին հարցին` արդյո՞ք իրենց շրջանի վարչակազմը Կոլորադոյի մյուս շրջանների հետ պետք է հասնի նրան, որ իրենք դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը:
Անգամ եթե շրջանների մեծ մասը դրական պատասխաներ, այդ գործընթացը կլիներ բավականին երկար ու բարդ, նշում է CNN-ը:
Նոր նահանգի ստեղծման քվեարկությունն անցկացվել էր տեղի հանրապետականների նախաձեռնությամբ, որոնք դժգոհ էին նահանգի օրենսդիր մարմիններում դեմոկրատների գերակշիռ ներկայությունից:








































