Այս իշխանությունների օրոք երկրում որևէ առաջընթաց հնարավոր չէ ապահովել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
«Սերժ Սարգսյանը երկիրը հասցրել է խամաճիկային վիճակի: Նա պետք է թողնի իր աթոռը: Եթե իշխանություններին թվում է, որ ամենաթողության մթնոլորտը, ծեծուջարդը լավ է, ապա ղալաթ են անում: Հայաստանը նման կերպով չպետք է ղեկավարվի: Համախմբման արդյունքում մենք այս իշխանություններին շուտով ճանապարհ կդնենք: Այս մարդիկ ստով ու կեղծիքով են եկել իշխանության, հետևապես պետք է հեռանան: Մի փոքր փըխկը կհեռացնի այս իշխանություններին: Մենք նրանց կոչ ենք անում խելքները գլուխները հավաքել, իմանալ, որ սա իրենց պապի բոստանը չէ, այլ բոլորիս հայրենիքը: Եթե նրանք լավ չեն ծառայել ժողովրդին, ապա պետք է հեռանան»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրում առկա «բեսպրեդելը» դեռ ծաղիներն են:
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ վաղը կայանալիք հանրահավաքին ազատամարտիկները որոշելու են իշխանությունների հեռացման հարցը: «Ամեն ինչ վերջ ունի: Իսկ այս ուղեղազուրկ իշխանությունները շարունակում են լափել ժողովրդին, նրանք կանգ չեն առնում: Վաղվանից կորոշենք՝ ինչ մեխանիզմների օգնությամբ ենք հասնելու հեռացման»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանն իր հերթին անդրադառնալով նախկին ոստիկան Շանթ Հարությունյանի երեկվա գործողություններին՝ նկատեց, որ Շանթ Հարությունյանը ինքնատիպ բնավորության տեր, ազնիվ մարդ է:
«Երեկվա նրա գործողությունների մասին տեղյակ էին բոլորը՝ իշխանությունները, ոստիկանությունը և հասարակությունը: Շանթն ասում էր, որ գնալու է պայթյուններ իրականացնի, և մարդիկ նրա հետևից գնացին: Ոչ ոք իրավունք չունի Շանթ Հարությունյանին մեղադրելու: Բոլորի համբերության բաժակը լցվել է: Իշխանությունն է մարդկանց դարձնում Շանթ: Վաղը շանթեր ավելի շատ են լինելու, դուրս են գալու փողոց՝ որը զենքով, որը փայտերով, որը փուչիկներով: Իշխանություններին կոչ եմ անում ազատ արձակել Շանթին և նրա համախոհներին, քանի որ նրանք գործել են աֆեկտի տակ: Միակ մարդը, ում պետք էր ձերբակալել, Վալերի Օսիպյանն էր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկինում մեղադրվող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիան երեկ վերածվել էր զանգվածային անկարգությունների:
Չլսելով ոստիկաններին՝ Շանթ Հարությունյանն ու իր համախոհները Ազատության հրապարակից շարժվել էին դեպի Մաշտոցի պողոտա: Ոստիկանները չէին կարողացել փակել նրանց ճանապարհը, ակտիվիստների և նրանց միջև բախումներ էին սկսվել, ինչի արդյունքում 20-ից ավելի մարդ բերման էր ենթարկվել:
Ակտիվիստները Մաշտոցի պողոտա էին բերել նաև պայթուցիկ նյութեր, որոնք պայթեցրել էին ոստիկանների ոտքերի տակ:
Դեպքի վայր էին ժամանել նաև կարմիր բերետավորները, ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ուժեր, ինչպես նաև ռազմական ոստիկանության ուժերը:








































