Կստեղծվի Օգանների և հյուսվածքների փոխպատվաստման հարցերով մշտապես գործող էթիկական հանձնաժողով: Ըստ Առողջապահության նախարարության հյուսվածքների և օրգանների փոխպատվաստման գործընթացը լի է մի շարք էթիկական հարցերով:
Փոխպատվաստմանն առնչվող կարևոր հարցերից է, օրինակ, դոնորի և ռեցիպիենտի հոգեբանական պատրաստականությունը: Այսինքն` բացի օրենսդրությամբ ամրագրված պահանջների պահպանումից, մինչև փոխպատվաստման իրականացումն անհրաժեշտ է հավաստիանալ, որ դոնորը և ռեցիպիենտը հոգեբանորեն պատրաստ են փոխպատվաստման իրականացմանը:
Միաժամանակ, չնայած օրենքով սահմանված կարգով և ժամկետներում փոխպատվաստման վերաբերյալ տեղեկացված լինելուն, հնարավոր է, որ դոնորը և ռեցիպիենտը չգիտակցեն հարցի կարևորությունը և հնարավոր բացասական հետևանքներն իրենց առողջության վրա:
Նոր ստեղծվող հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում հանդիպելով դոնորի կամ ռեցիպիենտի հետ կգնահատի վերոնշյալ և մի շարք այլ էթիկական հարցերը ու կտա եզրակացություն:
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Հանձնաժողովի գործունեության կարգի և անհատական կազմի հաստատման լիազորությունը կտրվի վարչապետին:







































