Google ընկերությունն ԱՄՆ բարձրագույն ղեկավարությանը բողոք է ուղարկել երկրի Ազգային անվտանգության ծառայության գործողությունների դեմ, Wall Street Journal-ի հետ զրույցում հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:
Հոկտեմբերի վերջին պարբերականը, հղում կատարելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերին, հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է MUSCULAR կոդային անվանումով ծրագիր, որը «որսում է» Google ու Yahoo խոշորագույն ինտերնետ-ընկերությունների սերվերների միջև տեղեկատվությունը:
Այդ ծառայությունը թույլ է տալիս տվյալներ ստանալ հարյուր միլիոնավոր մարդկանց էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ:
Իր հերթին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Քիթ Ալեքսանդերը հերքել է WSJ-ի տեղեկությունը՝ հայտարարելով, որ նման տվյալներ ստանալու համար անհրաժեշտ է դատարանի վճիռ:
Շմիդտի խոսքով՝ Google-ն արդեն ուղարկել է համապատասխան բողոք՝ ուղղված ԱՄՆ նախագահին, Կոնգրեսի անդամներին, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությանը: