Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հարբած վարորդը զանգահարել է արտակարգ ծառայություն և գանգատվել ինքն իրենից։ Այս մասին հայտնել են Պոլկ շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչները Facebook-ում։
Դեպքը տեղի է ունեցել Ամանորի նախաշեմին։ Ոմն տղամարդը, ով ներկայացել է որպես Մայքլ, զանգահարել է 911 ծառայություն և հայտնել, որ մեքենա է վարում ալկոհոլի ազդեցության տակ։
https://www.facebook.com/polkcountysheriff/videos/10155280066601818/
Նրան կոչ են արել կայանել մեքենան ճամփեզրին և բացատրել գտնվելու վայրը։ Նա չի կարողացել հիշել իր ազգանունը և նկարագրել, թե որտեղ է գտնվում։ Դիսպետչերի հարցերից հոգնած վարորդը բարի գիշեր է մաղթել և անջատել հեռախոսը։
Ոստիկաններին հաջողվել է պարզել զանգահարողի գտնվելու վայրը։ Նա խոստովանել է, որ 3-4 բաժակ գարեջուր է խմել, օգտագործել մետամֆետամին և վերջին 4 օրերին ընդամենը 4 ժամ քնել։
Տղամարդը նախկինում պատասխանատվության էր ենթարկվել անսթափ վիճակում մեքենա վարելու, թմրանյութերի պահման, մանր խուլիգանության և ոստիկանության աշխատակիցներին դիմադրելու համար։







































