Նախկին ամուսինները՝ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը և դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այժմ միմյանց հետ շփվում են բացառապես փաստաբանների միջոցով:
Դերասանի պաշտպանները նրա նախկին կնոջը մեղադրում են այն բանի համար, որ նա ուժեղ ազդող հանգստացնող դեղամիջոցներ է ներարկել Ջիգարխանյանին: Դրանից հետո դերասանը սկսել է չհիշել՝ ինչ է տեղի ունենում շուրջը, և ինչ ասես՝ պատրաստ էր ստորագրել: Սրանից օգտվելով՝ Ցիմբալյուկը Ջիգարխանյանի ամբողջ ունեցվածքը վերաձևակերպել է իր անունով:
Ընդ որում, մեղադրող կողմի պնդմամբ՝ ուժեղ ազդեցությամբ հանգստացնող սրվակները ոստիկանները բռնագրավել են Վիտալինայից դեռևս խուզարկության ժամանակ:
Վիտալինայի փաստաբանները անմիջապես հերքել են այդ տեղեկատվությունը և Արմեն Ջիգարխանյանին ու նրա փաստաբաններին մեղադրել են զրպարտության համար: Նրանց խոսքով՝ խուզարկությունից հետո կազմված արձանագրության մեջ խոսք չկա դեղամիջոցներով սրվակների մասին:
Ցիմբալյուկի պաշտպանը հայտարարել է, որ իրենք դատարան հայց են ներկայացնելու երեք հոդվածներով՝ զրպարտություն, անձի վիրավորանք և հեղինակության պաշտպանություն:










































