«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ խոշոր հաշվով Սերժ Սարգսյանը ճիշտ է՝ զենքով հարց չի լուծվում և բոլոր խնդիրները բանակցությունների, քննարկումների արդյունքում են լուծում ստանում. «Նույնիսկ պատերազմական գործողությունները զենքով չեն ավարտվում, թղթի ստորագրություն է լինում՝ կլինի դա կապիտուլյացիա, թե համաձայնություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում հնչեցրած ելույթին։
Մեր զրուցակիցը նշում է՝ այսօր որոշները պայքարը տեսնում են զենքի միջոցով. «Իհարկե դա ավելի վատ է։ Վատ է, երբ մարդուն վիրահատության են ենթարկում, և շատ ավելի լավ է, երբ թերապևտիկ միջոցներով է վերականգնվում։ Հիմա թերապևտիկ միջոցներն առաջարկվում են, բայց կառավարման համակարգը կոռուպցիայի մետաստազների մեջ է թաթախված։ Դրա համար մարդիկ հեղաշրջման մասին են մտածում։ Ես ինքս այլ ճանապարհներ եմ տեսնում, դրա համար մարդիկ մի փոքր ավելի համբերատար պետք է լինեն, մի փոքր ավելի ակտիվ լինեն՝ չսպասեն, որ իրենց հարևանը պայքարի, իսկ ինքը գնա ու 10 հազար դրամ կաշառք վերցնի»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ վերջնարդյունքում խնդիրները կարգավորվելու են ոչ թե զենքով, այլ ընտրությունների միջոցով. «Ցավոք սրտի, իշխանություններն այսօր երկու ճանապարհ են ցույց տալիս՝ արտագաղթ կամ զինված պայքար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































